27.03.2013|
16:24
Թեև լատինական այս թևավոր խոսքն ինձ հայտնի է ավելի քան քառասուն տարի, դեռևս բժշկական համալսարանում ուսանելու տարիներից, սակայն նոր եմ մտածում, թե այդ իմաստությունը դարերի ընթացքում քանի անգամ է իրեն դրսևորել իր իսկական նշանակությամբ, կամ որ populus-ի մասին է ասված, արդյո՞ք բոլոր տիպի հասարակարգերում, ցանկացած մակարդակի հասարակության մասին է ասված։ Արդյոք սա վերաբերում է ուսյալ, տեղեկացված, մտածո՞ղ հասարակությանը, թե՞ հասարակության, որի շարժիչ ուժն ամբոխն է, որը ինչ-որ մեկի կամքից կախված քաոս է ստեղծում։ Այժմ ես կասկած չունեմ, որ այս թևավոր խոսքը վերաբերում է հենց աստվածային շնորհով օժտված populus-ին, որը և՛ ուսյալ է, և՛ տեղեկացված է, և՛ մտածյալ, և՛ իրեն չի պահում այնպես, ինչպես հնչում է հայտնի պիեսում` «Ժողովուրդը միայն ծափ է տալիս ու քվեարկում»։